Ճապոնական Nissan ընկերությունը համացանցում կազմակերպել է իր մոդելային շարքի առաջին էլեկտրական Ariya քրոսովերի շնորհանդեսը: Եվրոպական շուկայում Nissan Ariya-ն կառաջարկվի հինգ մոդիֆիկացիաներով, որոնք, կախված տարբերակից, կսարքավորվեն 63 կամ 87 կՎտժ տարողությամբ մարտկոցով, ինչպես նաև մեկ կամ երկու էլեկտրական շարժիչով (առջևի և հետևի սռնիի վրա): Ընթացքի պաշարը, ելնելով մարտկոցից, կարող է հասնել 360-ից մինչև 500 կմ WLTP ցիկլում:
Սերիական Ariya-ի արտաքինը գրեթե չի տարբերվում 2019 թվականին ներկայացված նույնանուն կոնցեպտից: Այն ժառանգել է նույն լուսարձակները, սեղանաձև կեցծ ճաղավանդակը և դրա կողքերից առկա բացվածքները: Տարբերությունների թվում կարելի է նշել առջևի թափարգելը և նոր հայելիները: Ճաղավանդակի վրա՝ առաջին անգամ բոլոր Նիսսան ավտոմեքենաների համար, տեղադրաված է Nissan-ի նոր լոգոտիպը՝ բաղկացած 20 լուսադիոդներից: Բացի այդ Ariya-ի համար հասանելի կլինեն 19 կամ 20 դյույմ տրամագծով 5-շյուղանի անվասկավառակները:
Սերիական Ariya-ի երկարությունը 4595 միլիմետր է, լայնությունը՝ 1850 միլիմետր, բարձրությունը՝ 1660 միլիմետր, իսկ անվային բազան կազմում է 2775 միլիմետր: Առջևի քարշակմամբ մոդիֆիկացիաների բեռնախցիկի ծավալը 468 լիտր է, լիաքարշներինը՝ 415 լիտր: Քրոսովերը ունակ է քարշակել մինչև 1500 կգ զանգվածով կցորդ:
Ֆիրմային լիաքարշ համակարգի e-4orce անվանման մեջ «e» տառը մատնանշում է 100-տոկոսանոց էլեկտրականացումը, իսկ «4orce»-ը ստացվել է անգլերեն force («ուժ») բառից և ակնարկում է մեքենայի հզորության մասին, իսկ 4 թիվը, բնականաբար, հուշում է, որ մոդելը լիաքարշ է: Նշված e-4orce տեխնոլոգիան կարգավորում է թե՛ ելքային հզորությունը, թե՛ արգելակման հարաչափերը: Վարման ստանդարտ ռեժիմում քարշուժը բաշխվում է շարժիչների միջև 50/50 հարաբերակցությամբ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև վերաբաշխվել դեպի առաջ, կամ հետ: Ընդ որում, ռեգեներատիվ արգելակման գործընթացին, ի տարբերություն այլ էլեկտրական կամ հիբրիդային մոդելների, մասնակցում է նաև հետևի էլեկտրական շարժիչը, ինչը կանխում է թափքի ճոճքը արգելակումների ժամանակ:
Ariya-ի սրահը ընկերությունում համեմատում են շքեղ զբոսանավի հյուրասրահի հետ: Կլիմատ-կոնտրոլի համակարգը գտնվում է կապոտի տակ՝ այնտեղ, որտեղ սովորական մեքենաների մոտ տեղադրվում է շարժիչը: Կուտակիչ մարտկոցն իր հերթին տեղադրված է շասսիի հիմքում, ինչի շնորհիվ հատակը հարթ է ավտոմեքենայի ողջ երկայնքով: Նոր քրոսովերի առանձնահատկություններից են նաև ֆիրմային Zero Gravity նստատեղերը, որոնք նվազագույնի են հասցնում ուղևորի վրա գործող ուժերի ազդեցությունը: Nissan-ում հպարտանում են գունավոր պրոյեկցիոն դիսփլեյով, որը ամենամեծերից է այս դասի մեքենաների համար և արտացոլում է նույն տեղեկությունները, ինչը և սարքավորումների վահանակը:
Nissan Ariya-ի առանձնահատկությունների թվում հիշատակման է արժանի նաև մինիմալիստական ոճով իրականացված կառավարման համակարգը, որը զուրկ է սովորական ստեղներից, կոճակներից և փոխարկիչներից: Կլիմատ-կոնտրոլ համակարգի կառավարման սենսորային օրգանները ներկառուցված են փայտից պատրաստված կենտրոնական բարձակի մեջ, իսկ դրանց հպվելիս՝ առաջանում է վիբրացիա, որը ստեղծում է նույն շփողական զգացղությունները, ինչը կապահովեին սովորական մեխանիկական փոխարկիչները:
Հորիզոնական մակարդակի վրա տեղադրված է երկու 12,3-դյույմանոց էկրան, որոնցից մեկը կատարում է սարքավորումների վահանակի, իսկ մյուսը՝ մուլտիմեդիա համակարգի կառավարման կետի դեր: «Hello, Nissan» և «Hey, Nissan» արտահայտություններով կարելի է ակտիվացնել անհատական օգնականին, որը ունակ է հասկանալ խոսակցական արտահայտույթուններից շատերը: Ներկառուցված հաղորդակցային 4G համակարգը ապահովում է «ամպային» տվյալների հասանելիությունը: Ձայնային ասիստենտի օգնությամբ կարելի է նաև կարգավորել սրահի ջերմաստիճանը:
Ariya-ն առաջին Nissan մոդելն է, որի ծրագրային թարմացումները հնարավոր է իրականացնել հեռավար՝ «օդով»: Հիշողության երկու մոդուլները թույլ են տալիս կատարել թարմացումը նույնիսկ շարժման ժամանակ: Այդ դեպքում նոր տվյալները ներբեռնվում են և պահվում են տվյալների առանձին բանկում, իսկ երբ համակարգը հաստատում է, որ ներբեռնումն ավարտված է, ավտոմեքենան անցում է կատարում հիշողության այն մոդուլին, որտեղ պահվում են նոր տվյալները:
Նոր էլեկտրական քրոսովերը կսարքավորվի նաև ֆիրմային ProPILOT համակարգի նորագույն տարբերակով, որն այսուհետ կապված է նավիգացիոն համակարգի հետ: Այն կարգավորում է շարժման արագությունը՝ հիմնվելով ճանապարհային երթևեկության վիճակի և գործող սահմանափակումների մասին առկա տվյալների վրա և օգտագործելով սենսորային տեխնոլոգիաներ: ProPILOT Park ֆունկցիան իր հերթին կօգնի ազատ կայանատեղի գտնել և կայանել Ariya-ն ընդամենը երեք քայլով: Ընկերությունում նշում են, սակայն, որ ավտոմատ կայանման ֆունկցիան հասանելի չի լինի բոլոր շուկաներում: Հայաստանում նոր Nissan Ariya-ի հասանելիության, ինչպես նաև մակնիշի այլ մոդելների առկայության մասին տեղեկություններ կարելի է ստանալ ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Մուրան» ընկերությունից: Լուսանկարներ |