Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի

Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի

Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Corolla մոդելի հիման վրա նախագծված նոր քրոսովերը, որը ստացել է Corolla Cross անվանումը: Սկզբնական շրջանում ավտոմեքենան կառաջարկվի Թայիլանդի շուկայում, որտեղ դրա գինը կլինի C-HR մոդելի մակարդակին, իսկ այնուհետ մոդելը կհանվի նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի շուկաներ:

Նոր քրոսովերի հիմքում ընկած է մոդուլային TNGA-C հենահարթակի պարզեցված տարբերակը՝ առջևի քարշակմամբ ավտոմեքենաների համար նախատեսված՝ հետևի կիսաանկախ կախոցով: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Corolla Cross-ի համար լիաքարշ մոդիֆիկացիա չի նախատեսվում:

Արտաքին չափսերով Corolla Cross-ը մի փոքր գերազանցում է Toyota C-HR-ին: Նոր քրոսովերի երկարությունը 4460 միլիմետր է (+100 մմ C-HR-ի համեմատ), լայնությունը՝ 1825 մմ (+30 մմ CH-R-ի համեմատ), իսկ բարձրությունը՝ 1620 միլիմետր (+55 մմ): Այս ցուցանիշներով մոդելը տեղ կզբաղեցնի արդեն իսկ հիշատակված C-HR-ի և չափսերով ավելի մեծ Toyota RAV4-ի միջև: Corolla Cross-ի ճանապարհային լուսածերպը 161 միլիմետր է, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դրա ու C-HR-ի անվային բազան նույնն է՝ 2640 մմ:

Նորույթը կսարքավորվի 9-դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգով, երկգոտի կլիմատ-կոնտրոլով, օժանդակող էլեկտրոնային ծրագրերի հավաքածուով և կունենա տանիքի լյուկ: Ինչ վերաբերում է շարժիչների գամմային, ապա ներկայիս պահին Corolla Cross-ի համար առաջարկվում է 140 ձ.ուժ հզորությամբ 1,8-լիտրանոց մթնոլորտային բենզինային շարժիչ, որը կհամակցվի վարիատորային փոխանցումատուփի հետ: Որպես այլընտրանք հնարավոր կլինի դիտարկել նույն շարժիչի հիման վրա ստեղծված հիբրիդային մոդիֆիկացիան:

Լուսանկարներ