Իտալական Lamborghini ընկերության առաջին սերիական հիբրիդային ընտանիքը համալրվել է նոր մոդելով՝ Sián Roadster-ով: Կուպե մոդիֆիկացիայից նորույթը տարբերվում է միայն տանիքի բացակայությամբ: Հատկանշական է, որ տանիքը հասանելի չէ նույնիսկ հավելավճարի դիմաց: Մոդելը կթողարկվի ընդամենը 19 օրինակով, որոնք արդեն իսկ նախապես վաճառվել են:
Հիբրիդային Lamborghini Sián ռոդսթերը պահպանել է կուպեի բոլոր հիմնական առանձնահատկությունները: Դիզայներները չեն հրաժարվել ո՛չ առջևի սփլիթերից, ո՛չ Y-աձև ընթացային կրակներից, ո՛չ էլ կոքպիտից մինչև հետնամաս ձգվող periscopio թունելից, որն իրենից ներկայացնում է անկյունագծային պատկերով բացառիկ լուծում: Ճիշտ է, այժմ դրա վրա առկա է երկու շրջահոսիչ: Սա միակ լուծումն է, որը առանձնացնում է ռեդսթերը բազային մոդելից:
Ինչպես նշեցինք, Sián-ի համար տանիք չի նախատեսված նույնիսկ օպցիոնալ եղանակով: Հետնամասում տեղադրված են հովացվող ակտիվ փականակներ, որոնք թույլ են տալիս հեռացնել շարժիչի աշխպատանքից առաջացող ջերմությունը: Դրանք պատրաստված են պատենտավորված հատուկ նյութից, որը արձագանքում է արտաթողիչ համակարգի ջերմաստիճանին, և դրա աճին զուգահեռ ավելի լայն է բացվում փականակը: Սրահում առկա օդափոխման դեֆլեկտրոները ստացել են նոր դիզայն: Վերդիրները տպագրվում են 3D-տպիչով, և անհատականացման ծրագրի շջանակներում կարող են կրել ավտոմեքենայի տիրոջ անունը:
Ուժային ագրեգատը նախկինի պես բաղկացած է 785 ձ.ուժ հզորությամբ 6,5-լիտրանոց V12 բենզինային շարժիչից և 34 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից: Վերջինը ներկառուցված է մեկ կցորդիչով ISR ռոբոտացված փոխանցումատուփի մեջ և աշխատում է 48 վոլտ լարմամբ: Որպես հոսանքի աղբյուր օգտագործվում է ոչ թե լիթիում-իոնային մարտկոց, այլ իոնիստոր (գերկուտակիչ), որը երեք անգամ ավելի թեթև և նույնքչափ ավելի հզոր է համանման սովորական մարտկոցից: Այն ամբողջությամբ լիցքավորվում է յուրաքանչյուր արգելակման ժամանակ և ապահովում է 600 ամպեր ուժգնությամբ պիկային հոսանք:
Հիբրիդային սարքը օժանդակում է հիմնական շարժիչին մինչև 130 կմ/ժ արագությամբ ընթանալիս արագացումների ժամանակ, ինչից հետո էլեկտրական շարժիչը անջատվում է՝ ընդհանուր արդյունավետությունը պահպանելու նպատակով: Բացի այդ այն լրացնում է փոխանցումների փոխարկման ժամանակ առաջացող քարշուժի անկումները, ինչի հաշվին մոտ 10 տոկոսով աճում է ավտոմեքենայի ընդհանուր արագությունը: Մոտ այդքան էլ աճում է քարշային ճիգը երրորդ փոխանցման վրա: Զրոյից 100 կմ/ժ արագությունը ռոդսթերը զարգացնում է 2,9 վայրկյանից էլ քիչ ժամանակում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 350 կմ/ժ ցուցանիշով: Լուսանկարներ |