BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ

BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ

Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ.

Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է լիովին նոր iX3 էլեկտրական քրոսովերը: Նորույթը արտաքինից գրեթե չի տարբերվում վառելիքով աշխատող X3-ից: Էլեկտրական մոդելը կարելի է ճանաչել երկնագույն շրջանակով եզրավորված կեղծ ռադիատորային ճղավանդակով: iX3-ի արտադրությունը իրականացվելու է Չինաստանում տեղակայված BMW-Brilliance համատեղ գործարանում: Լայնածավալ թողարկումը կմեկնարկի արդեն հաջորդ ամիս, իսկ առաջին օրինակները արտադրվում են դեռևս թեստային ռեժիմում:

Նոր BMW iX3-ի երկարությունը 4,73 մետր է, լայնությունը՝ 1,89 մետր, բարձրությունը՝ 1,67 մետր, իսկ անվային բազան կազմում է 2,86 մետր: Սա նշանակում է, որ iX3-ը մի փոքր երկար, բայց միևնույն ժամանակ ավելի նեղ և ցածր է, քան ստանդարտ X3-ը՝ նույն անվային բազայի պարագայում: Բացի այդ էլեկտրական մոդիֆիկացիան զգալիորեն ծանր է՝ այն կշռում է 2185 կգ, իսկ զանգվածի ավելցուկի մեծ մասը բաժին է ընկնում մարտկոցին:

BMW iX3-ը սարքավորված է 80 կիլովատ-ժամ տարողությամբ քարշային մարտկոցով, որն ապահովում է մոտ 460 կիլոմետր ընթացքի պաշար WLTP ցիկլում: Այդ ցուցանիշով այն համեմատելի է Mercedes-Benz EQC, Jaguar i-Pace և երեկ ներկայացված Audi Q4 Sportback e-tron մոդելների հետ: Արագ լիցքավորման ռեժիմում համապատասխան հզորությամբ աղբյուրից iX3-ի լիցքի 80 տոկոսը կարելի է ստանալ մոտ կես ժամում:

BMW iX3-ը սարքավորված է հետևի սռնիի վրա տեղադրված էլեկտրական շարժիչով, որը զարգացնում է 286 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Այն ապահովում է 0-ից 100 կմ/ժ թափառք 6,8 վայրկյանում: Առավելագույն արագությունը սահմանափակված է 180 կմ/ժ ցուցանիշով:

Նոր էլեկտրական քրոսովերի համար նախատեսված են եռագոտի կլիմատ-կոնտրոլ համակարգը, լյուկով սարքավորված համայնապատկերային տանիքը, 19-դյույմանոց ստանդարտ անվասկավառակները (20-դյույմանոց՝ Impressive համալրման համար), Harman Kardon Surround Sound աուդիոհամակարգը, կաշեպատ սրահը և ավտոմատ կայանման համակարգը:

Լուսանկարներ