Lexus ընկերությունը ներկայացրել է նորացված LS մոդելը: Սեդանի արտադրության ընթացքում առաջին անգամ կիրառվել է թափքի ներկման նոր մեթոդ, որը թույլ է տվել ստանալ հագեցած արծաթագույն երանգ: Մեքենան համալրվել է անվտանգության բազում առաջադեմ համակարգերով, որոնք միավորված են ընդհանուր Lexus Teammate անվանման ներքո: Ռեսթայլինգային Lexus LS-ի վաճառքները կմեկնարկեն Ճապոնիայում մինչև ընթացիկ տարվա ավարտը, իսկ հաջորդ տարի սեդանը կառաջարկվի այլ շուկաներում:
Թեպետ ռեսթայլինգային Lexus LS-ի վիզուալ տարբերությունները իր նախորդից այնքան էլ շատ չեն, դրանք բոլորն էլ լավ նկատելի են: Ուշադրության են արժանի նոր ադապտիվ լուսարձակները՝ BladeScan AHS ֆունկցիայով, նոր թափարգելները, ինչպես նաև առջևի կողաթևերի «խռիկները»: Առաջին անգամ առաջարկվում է Gin-ei Luster արծաթագույն երանգը, որն ավելի շատ ալյումինե թեփուկներ է պարունակում և աչքի է ընկնում ավելի բարձր խտությամբ, ինչի հաշվին ստեղծվում է լուսավորության նույնիսկ չնչին տատանումներին արձագանքող բացարձակ հայելային մակերևույթ:
Նորացված Lexus LS-ի սրահում հայտնվել է 12,3-դյույմանոց սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգը, որն աշխատում է SmartDeviceLink, Apple CarPlay և Android Auto պրոտոկոլներով: Դռների լրամշակման համար առաջին անգամ կիրառվում է Nishijin & Haku նախշը (haku-ն ճապոներենից թարգմանվում է որպես «մետաղական թիթեղ»), որը նմանակում է «ծովի մակերևույթին լուսնի ճառագայթների արտացոլանքը»: Ցածր էլաստիկությամբ պոլիուրեթանային լիցքով և ավելի խորը դարձակարերով նստատեղերը ավելի լավ են կլանում տատանումները, իսկ առջևի վահանակին տեղադրված են նստատեղերի և ղեկի տաքացման կոճակները: Աղմուկի ճնշման ակտիվ համակարգի աշխատանքի շնորհիվ զգալիորեն աճել է ակուստիկ հարմարավետությունը:
Տեխնիկական նորամուծություններից հիշատակման են արժանի ավելի առաձգական ադապտիվ կախոցը և շարժիչի նոր հենակները: Հիբրիդային LS 500h (V6 3.5, 359 ձ.ուժ) մոդիֆիկացիան թափառքի ժամանակ այսուհետ կօգտագործի ավելի շատ էլեկտրական էներգիա, իսկ բենզինային LS 500 (թվին-տուրբո V6 3.5, 422 ձ.ուժ) տարբերակը ավելի արագ է արձագանքում արագացման ոտնակի աշխատանքին: Փոխանցումային հարաբերակցության ավելի լայն տիրույթով և փոխարկման ավելի կարճ ժամանակով աչքի ընկնող փոխանցումատուփը թույլ է տալիս հրաժարվել ցածր փոխանցումների կիրառումից, երբ վարորդը կտրուկ արագանում է քաղաքային ռեժիմում:
Սեդանի համար հասանելի սարքավորումների ցանկում ավելացել է անվտանգության համակարգերի՝ Lexus Teammate համալիրը, որն աշխատում է մեքենական խորը ուսուցման ալգորիթմների հիման վրա: Համալիրի մեջ ներառված են զանազան էլեկտրոնային համակարգեր, ինչպիսին են շարքի պահպանման ֆունկցիան, վազանցին օժանդակող ֆունկցիան և կայանմանն օժանդակող ընդլայնված համակարգը, որը, օրինակ, կարող է հուշել, թե ինչքան է անհրաժեշտ թեքել ղեկը, որպեսզի մեքենան տեղավորվի կայանատեղիում հասանելի տարածության մեջ: Լուսանկարներ |