Բրիտանական Aston Martin ընկերության՝ Heritage պատմական ստորաբաժանումը թողարկել է DB5 մոդելի առաջին կրկնօրինակը, որը շուկա է հանվել 2,75 միլիոն ֆունթ սթերլինգ արժեքով: Քսանհինգ մեքենայից բաղկացած DB5 Goldfinger Continuation սերիան նվիրված է առասապելական Ջեյմս Բոնդի լրտեսական մեքենային, որն առաջին անգամ ցուցադրվեց 1964 թվականին էկրաններին հայտնված «Գոլդֆինգեր» ֆիլմում:
Aston Martin DB5 Goldfinger կրկնօրինակը հավաքվել է ձեռքով Նյուփորթ-Փագնել քաղաքի գործարանում, որտեղ և ստեղծվել են օրիգինալ DB5 մոդելները: Ժամանակակից տարբերակի հիմքում ցածրածխածնային պողպատից պատրաստված շասսին է, որը արտադրվել է արխիվային գծագրերով: Թափքի պանելները ձևավորված են ալյումինից, իսկ կապոտի տակ տեղադրված է չորս լիտր ծավալով շարային վեցգլանանի մթնոլորտային շարժիչը: Հավատարիմ մնալով պատմական ճշմարտությանը՝ DB5-ի վրա կիրառվում է առանց ուժեղացուցիչի ղեկային կառավարման նշաձողային մեխանիզմ, իսկ արգելակումն ապահովում են պողպատյա սկավառակներով Girling արգելակները:
294 ձ.ուժ հզորություն զարգացնող շարժիչի վրա տեղադրված է երեք կարբյուրատոր, իսկ ավտոմեքենան ունի հետևի քարշակում: Քարշուժն անիվներին փոխանցվում է հինգաստիճան ZF մեխանիկական փոխանցոմատուփի և բարձր շփմամբ դիֆերենցիլաի միջոցով: Aston Martin DB5 Goldfinger-ի կախոցը առջևից ներկայացված է coil-over տեսակի կագնակներով և կայունացուցիչներով, իսկ հետևից՝ ռադիալ ձողերով և Ուատտի մեխանիզմով կամրջակով: Յուրաքանչյուր ավտոմեքենայի արտադրության համար ընկերության աշխատակիցները ծախսում են մոտ 4500 ժամ:
Սակայն ավտոմեքենայի գլխավոր առանձնահատկությունը լրտեսային գաջեթներն են: Յուրաքանչյուր DB5 սարքավորված է ծխային թնդանոթով, պտտվող համարանշաններով, թափքի հետնամասի զրահապատ վահանով, գաբարիտային լուսարձակների հետևում թաքնված Browning գնդացիրների նմանակներով: Սրահում ուշադրություն են գրավում ռադարը, հեռախոսը և բազում այլ բացառիկ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են «հասարակ» լրտեսին առօրյա գործունեության ընթացքում:
Հիշեցնենք, որ պատմական մոդելների վերականգնումով Aston Martin-ը սկսել է զբաղվել դեռևս 2017 թվականից: Continuation անվանումը ստացած ծրագրի շրջանակներում առաջինը ներկայացվեց DB4 GT մոդելը: Դրա օրինակներից մեկն արդեն հանվել է վաճառքի: Այն կառուցված է DB4 GT-ի մասնագրերին համաձայն և սարքավորված է ինժեներ Թադեուշ Մարեկի՝ դեռևս 1950-ականներին նախագծած օրիգինալ շարժիչով, որը նախատեսված էր մրցարշավային DB2 մոդելի և հետագայում թողարկված սերիական մեքենաների համար: Լուսանկարներ |