Նոր սերնդի Citroen C4՝ հարուստ համալրումներ և էլեկտրական մոդիֆիկացիա

Նոր սերնդի Citroen C4՝ հարուստ համալրումներ և էլեկտրական մոդիֆիկացիա

Երկուշաբթի, 6 հուլիսի, 2020 թ.

Ֆրանսիական Citroen ընկերությունը մանրամասներ է ներկայացրել կուպեատիպ C4 քրոսս-հեչբեքի մասին: Նորույթը հասանելի կլինի բենզինային, դիզելային, ինչպես նաև էլեկտրական՝ ё-C4, մոդիֆիկացիաներով: Դրանք բոլորը հասանելի կլինեն պատվիրելու համար արդեն ընթացիկ տարվա աշնանը:

Նոր Citroen C4-ի երկարությունը 4360 միլիմետր է, լայնույթունը՝ 1800 մմ, բարձրությունը՝ 1525 մմ, իսկ անվային բազան 2670 մմ: Այս բոլոր ցուցանիշներով, ինչպես նաև բեռնախցիկի ծավալով, որն այժմ կազմում է 380 լիտր, նոր սերնդի մոդելը գերազանցում է իր նախորդին: Ինչպես և ընկերության մի շարք մոդելներ, օրինակ՝ С4 Cactus-ը և C5 Aircross-ը, նոր հեչբեքը ստացել է «առաջադեմ հիդրավլիկ բուֆերներով» կախոց, որը փոխարինել է «դասական» հիդրապնևմատիկ Hydractive կախոցը: Citroen-ում նշում են, որ այսպիսի կախոցով սարքավորված մեքենայով ճանապարհորդությունը նման է «ինքնաթիռ-գորգով» թռչելուն՝ պարգևելով ճանապարհի վրայով ճախրելու զգացողություն:

CMP/e-CMP մոդուլային հենահարթակի հիման վրա կառուցված քրոսս-հեչբեքը կառաջարկվի հինգ տարբեր բենզինային շարժիչներով (100-155 ձ.ուժ հզորությամբ), ինչպես նաև երկու դիզելային ագրեգատներով՝ 110ձ.ուժ և 130 ձ.ուժ հզորությամբ: Դրանց բոլորի համար հասանելի են վեցաստիճան մեխանիկական կամ 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերը:

Էլեկտրական ё-C4 մոդիֆիկացիայի ուժային սարքը բաղկացած է 136 ձ.ուժ հզորությամբ (260 Նմ) էլեկտրական շարժիչից և 50 կՎտժ տարողությամբ լիթիում-իոնային քարշային մարտկոցից: Զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը այն զարգացնում է 9,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 150 կմ/ժ ցուցանիշով: Ռեկուպերատիվ համակարգով սարքավորված այս հեչբեքը մեկ ամբողջական լիցքավորումով կարող է հաղթահարել մինչև 350 կմ տարածություն: Հարյուր կՎտ հզորությամբ կայանից լիցքավորելու դեպքում, լիցքի 80 տոկոսը կարելի է ստանալ ընդամենը կես ժամում, իսկ 10 կմ ընթացքի պաշար կուտակելու համար անհրաժեշտ է մեկ րոպե:

Նորույթի սրահում ուշադրություն է գրավում պլանշետների համար նախատեսված և սարքավորումների վահանակի մեջ ներկառուցված հատուկ ամրանը: Բացի այդ առկա են 16 պահոցներ, գունավոր պրոյեկցիոն դիսփլեյ, 16 Գբ հիշողությամբ տեսագրանցող սարք, որը ներկառուցված է հետին տեսադաշտի հայելու ոտիկի մեջ, ինչպես նաև հատուկ կառուցվածքով նստատեղեր, որոնց առանձնահատկությունը կիրառված փրփրուրն է: Այն ապահովում է ավելի բարձր մակարդակի հարմարավետություն, մանավանդ՝ երկար ողևորությունների ժամանակ:

Բացի վերը նշվածից, մոդելի սարքավորումների ցանկը ներառում է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, շրջադարձերի լուսավորման համակարգ, գծանշմանը հետևելու և ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիա, ինչպես նաև այլ մեքենաների, հետիոտների և հեծանվորդների հետ բախումները կանխող համակարգ: Նոր Citroen С4 և ë-C4 մոդելների համար նախատեսված է թափքի արտաքին ձևավորման 31 կոմբինացիա, ինչպես նաև սրահի լրամշակման վեց եղանակ:

Լուսանկարներ