Ներկայացվել է ամենաարագ սերիական Dodge Charger-ը

Ներկայացվել է ամենաարագ սերիական Dodge Charger-ը

Շաբաթ, 4 հուլիսի, 2020 թ.

Ամերիկյան Dodge ընկերությունը ներկայացրել է Charger սեդանի նոր մոդիֆիկացիա՝ SRT Hellcat Redeye անվանմամբ: Այն մակնիշի պատմության մեջ ամենաարագ սերիական սեդանն է: Պատվերների ընդունումը դիլերները կսկսեն ընթացիկ տարվա աշնանը, իսկ առաջին մեքենաները գնորդներին կհասնեն 2021 թ գարնանը: Մոդելի արժեքը կսկսվի 80 000 դոլարից:


Dodge Charger SRT Hellcat Redeye մոդելի վրա տեղադրվել է 6,2-լիտրանց Hellcat V8 շարժիչը, որը հիրավի կարելի է անվանել ապրանքանշանի ամենաառասպելական ագրեգատներից մեկը: Մոդիֆիկացված շարժիչը զարգացնում է 808 ձ.ուժ հզորություն և 958 Նմ ոլորող մոմենտ: Կատարելագործման ընթացքում այն ստացել է ուժեղացված մխոցներ և շարժաձողեր, նոր փականներ, մոդերնիզացված մղիչ և հովացման ավելի արդյունավետ համակարգ: Այս հզոր շարժիչը համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:

Ընկերության ինժեներները կատարելագործել են նաև Charger-ի կախոցը՝ տեղադրելով ադապտիվ մեղմիչներ և 400 մմ տրամագծով արգելակային մեխանիմզներ: Բացի այդ, հատուկ այս սեդանի համար նախագծվել են աերոդինամիկ տարրերի հավաքածու, օդակլանիչներով սարքավորված նոր կապոտ և 20-դյույմանոց անվասկավառակներ: Բազում նման փոփոխությունների շնորհիվ Dodge Charger SRT Hellcat Redeye-ը ունակ է արագանալ 0-ից մինչև 100 կմ/ժ ընդամենը 3,5 վայրկյանում, իսկ առվելագույն արագությունը սահմանափակված է 327 կմ/ժ ցուցանիշով:

Լուսանկարներ