![]() Ռեսթայլինգային Volkswagen Tiguan՝ նոր ու հարուստ համալրումներով Հինգշաբթի, 2 հուլիսի, 2020 թ. Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է նորացված Tiguan քրոսովերը: Այն ստացել է «թվային» ինտերիեր, արտաքինից ավելի նմանվել է 8-րդ սերնդի Golf-ին, համալրվել է սպորտային R-տարբերակով և լիցքավորվող eHybrid հիբրիդային մոդիֆիկացիայով: Եվրոպայում նորույթի վաճառքները կմեկնարկեն արդեն ընթացիկ տարվա աշնանը:
Ռեսթայլինգի արդյունքում Volkswagen Tiguan-ի արտաքինը զգալիորեն փոփոխվել է: Այն ստացել է նոր թափարգելներ, կապոտ, առջևի կողաթևեր, լուսավորման սարքավորումներ և ռադիատորի ճաղավանդակ: Առջևի լուսարձակները այժմ հիշեցնում են նոր սերնդի Golf-ի լուծումները, իսկ օպցիոնալ կարելի է պատվիրել նաև մատրիցային լուսադիոդային լուսարձակներ, իսկ R-Line փաթեթով տարբերակը զրկվել է թափարգելի մեջ ներկառուցվող հակամառախուղային լուսարձակներից: Հետնամասից նորույթը հեշտ է ճանաչել լապտերների նոր պատկերով և արտանետման խողովակների նմանակմամբ վերդիրներով թափարգելով: Բացի այդ փոխվել է նորացված Tiguan-ի գունային ներկապնակը, ավելացել են 17-ից 20 դյույմ տրամագծով նոր անվասկավառակներ, ինչպես նաև մեծացել է մոդելի անվանմամբ գրվածքի տառատեսակը:
Սրահի կառուցվածքի սկզբունքները մնացել են նույնը՝ չնայած բավական մեծ ծավալով նորամուծությունների: Այժմ Tiguan-ն ունի նոր ղեկանիվ՝ սենսորային կոճակներով, նոր մուլտիմեդիա համակարգ՝ 8- կամ 10.25-դյույմանոց հպումային էկրանով, ինչպես նաև կլիմատիկ սարքավորման կառավարման ամբողջությամբ սենսորային բլոկ: Ընդհանուր առմամբ ինտերիերը վերաիմաստավորվել է վերջերս ներկայացված Arteon ընտանիքի շնչով:
Լայնածավալ «թվայնացման» արդյունքում ֆիզիկական կոճակների քլասթերը պահպանվել է միայն կենտրոնական թունելի վրա, իսկ միակ պահպանված տափօղակի օգնությամբ փոխարկվում են ընթացային ռեժիմները: Փոխարենը՝ տեղեկատվական-ժամանցային համակարը կարելի է կառավարել կատարելագործված ձայնային օգնականի միջոցով: Այս պահին հայտնի է միայն եվրոպական շուկայի համար նախատեսված շարժիչների գամման: Դիզելային ագրեգատները դարձել են էկոլոգիապես ավելի մաքուր՝ արտանետումների կրկնակի մաքրման համակարգի կիրառման շնորհիվ: Շարքը համալրվել է 122 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց բազային 2.0 TDI շարժիչով, իսկ 240 ձ.ուժ հզորությամբ տուրբոդիզելային շարժիչը այլևս չի առաջարկվում՝ բնապահպանական նկատառումներով: Մեկուկես և երկու լիտր ծավալով շարժիչները, որոնք զարգացնում են 130-ից 230 ձ.ուժ հզորություն, մնացել են նույնը: Մոդելի բազային համալրումները առաջարկվում են 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով, մնացածների համար նախատեսված է 7-աստիճան ռոբոտացված հանգույցը:
Սպորտային Tiguan R մոդիֆիկացիան սարքավորվելու է 320 ձ.ուժ հզորությամբ (420 Նմ) երկլիտրանոց բենզինային տուրբոարժիչով, կունենա հետևի ակտիվ դիֆերենցիալով լիաքարշ համակարգ, 7-աստիճան DSG ռոբոտացված փոխանցումատուփ, հետևի՝ ավելի կոշտ կախոց՝ կարգավորվող մեղմիչներով, չափաբերված ղեկային համակարգ և ավելի արդյունավետ արգելակներ:
Tiguan R-ի արտաքինի առանձնահատկություններից են թափքի օրիգինալ տարրերը, 21-դյույմանոց թեթևաձույլ հատուկ անվասկավառակները, վառ-կապույտ արգելակային ենթակիրները, ինչպես նաև արտանետման Akrapovic համակարգը՝ չորս խողովակներով: Սրահում «լիցքավորված» R-տարբերակը առաջարկում է ավելի խոշոր ենթաղեկային թերթիկներ, պրոֆիլավորված նստատեղեր և հատուկ դեկորատիվ լուծումներ: Ի լրումն նշված տարբերակների Volkswagen-ը ներկայացրել է 245 ձ.ուժ հզորությամբ լիցքավորվող հիբրիդային Tiguan eHybrid մոդիֆիկացիան: Այն տեխնիկապես նույնական է էլեկտրականացված Golf GTE մոդելին, որի ուժային ագրեգատը բաղկացած է 1,4 լիտր ծավալով տուրբոշարժիչից, ռոբոտացված փոխանցումատուփի մեջ ներկառուցված էլեկտրական շարժիչից և 13 կՎտժ տարողությամբ քարշային մարտկոցից: Բացառապես էլեկտրական քարշակմամբ հիբրիդային Tiguan-ը կարող է հաղթահարել մոտ 50 կիլոմետր, ինչը, բնականաբար, մոտ 10 կիլոմետրով պակաս է ավելի թեթև Golf-ի ցուցանիշից: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020