Ներկայացվել է էլեկտրական Fiat 500 հեչբեքը

Ներկայացվել է էլեկտրական Fiat 500 հեչբեքը

Երեքշաբթի, 9 հունիսի, 2020 թ.

Մի քանի ամիս առաջ իտալական Fiat ընկերությունը ներկայացրել էր 500 մոդելի էլեկտրական կաբրիոլետը, իսկ այժմ հասել է հեչբեքի հերթը: Առաջինը ցուցադրվել է la Prima մոդիֆիկացիան, որը ի թիվս այլ լուծումների ստացել է համայնապատկերային տանիք և առաջարկում է թափքի երեք էքսկլյուզիվ գույն: Նոր Fiat 500 «la Prima»-ի պատվերները արդեն ընդունվում են՝ սկսած 34 900 եվրո արժեքից:

Նոր Fiat 500-ը կառուցված է ամբողջովին էլեկտրական հենահարթակի վրա և իր նախորդից տարբերվում է էքստերիերի և ինտերիերի նոր դիզայնով: Մոդելի ուժային ագրեգատը բաղկացած է 120 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից և 42 կՎտժ տարողությամբ քարշային մարտկոցից: Դրա շնորհիվ էլեկտրամոբիլը կարող է մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 320 կմ WLTP ցիկլում, ինչպես նաև զարգացնել 150 կմ/ժ առավելագույն արագություն: Տեղից 50 կմ/ժ արագությունը զարգացնելու համար էլեկտրական Fiat 500-ին բավական է 3,1 վայրկյան:

Առաջինը ներկայացվել է la Prima հարուստ մոդիֆիկացիան: Այն առանձնանում է համայնապատկերային տանիքով, հետևի սփոյլերով, ամբողջովին լուսադիոդային լուսարձակներով, 17-դյույմանոց անվասկավառակներով, սրահի քրոմապատ դեկորներով և էկոկաշվով լրամշակված նստատեղերով: Fiat 500 «la Prima»-ի համար առաջարկվում է նաև թափքի ներկվածքի երեք էքսկլյուզիվ երանգ՝ կանաչ Ocean Green-ը, գործ Mineral Grey-ը և եռաշերտ կապույտ Celestial Blue-ն:

Էլեկտրամոբիլը առաջինը մոդելային շարքում ստացել է UConnect 5 մուլտիմեդիա համակարգը՝ 10,25-դյույմանոց սենսորային դիսփլեյով, Apple CarPlay և Android Auto համակարգերի, ինչպես նաև զանազան ֆիրմային սերվիսների առկայությամբ: Fiat 500-ը սարքավորված է վարորդին օժանդակող՝ երկրորդ մակարդակի էլեկտրոնային համակարգերի հարուստ հավաքածուով, որը ներառում է ակտիվ քրուիզ-կոնտրոլ, շարժման շարքի պահպանման և կույր գոտիների վերահսկման ֆունկցիաներ, ինչպես նաև շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգ:

Լուսանկարներ