Ներկայացվել են Quadrifoglio շարքի Alfa Romeo Giulia և Stelvio մոդելները

Ներկայացվել են Quadrifoglio շարքի Alfa Romeo Giulia և Stelvio մոդելները

Ուրբաթ, 8 մայիսի, 2020 թ.

«Լիցքավորված» Alfa Romeo Giulia և Stelvio Quadrifoglio մոդելները ապրանքանշանի հոբելյանի առիթով ենթարկվել են պլանային թարմացման՝ ստանալով Akrapovič ընկերության հետ համատեղ մշակած արտանետման տիտանե համակարգ: Բացի այդ մեքենաները համալրվել են վարորդին օժանդակող էլեկտրոնային համակարգերի հարուստ տեսականիով և բազում այլ ժամանակակից լուծումներով:

Իմիջային մոդելների թարմացումը Alfa Romeo-ն նվիրել է իր 110-ամյակին: Ճիշտ է՝ տեխնիկական առումով առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Quadrifoglio շարքի ավտոմեքենաների կապոտի տակ տեղադրված է 2,9 լիտր ծավալով վեցգլանանի բիտուրբոշարժիչը, որը զարգացնում է 510 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Այս ագրեգատը նախագծված է Ferrari-ի մասնակցությամբ և հիմնված է F154 շարժիչի վրա, որը տեղադրվում է Maserati Levante Trofeo և Ferrari SF90 Stradale մոդելների վրա:

Giulia և Stelvio Quadrifoglio մոդելները առանձնանում են քարշուժի վեկտորացման համակարգով, էլեկտրոնային կառավարմամբ մեղմիչներով ադապտիվ կախոցով, առջևի շարժական սփլիթերով և շարժման ռեժիմների փոխարկիչով: Վերջինս առաջարկում է հատուկ մցրաշավային Race պրոֆիլ, որի ակտիվացման ժամանակ փոխանցումատուփի աշխատանքը ավելի կտրուկ և արագ է դառնում (150 միլիվայրկյան յուրաքանչյուր փոխարկման համար), ակտիվանում է «օվերբուստ» ֆունկցիան և բացվում են արտանետման համակարգի փականակները: Ընդ որում դա վերաբերում է թե՛ չորս խողովակով ստանդարտ տարբերակին, թե՛ այս տարվանից հասանելի տիտանե Akrapovič-ին՝ ածխապլաստիկ վերդիրներով: Q4 լիաքարշ համակարգը հասանելի է միայն Stelvio մոդելի համար:

Արտաքինից ռեսթայլինգային ավտոմեքենաները կարելի է տարբերել փոփոխված պատկերով լուսադիոդային լուսարձակներով և ռադիատորի ճաղավանդակի սև սնդուսափայլ շրջանակով, իսկ Stelvio Quadrifoglio քրոսովերը առանձնանում է նաև 21-դյույմանոց անվասկավառակներով: Quadrifoglio շարքի գույների ներկապնակը, ըստ ընկերության, կատարելապես ներդաշնակում է Իտալիայի լավագույն շենքերի ճարտարապետական լուծումներին, ինչից ելնելով էլ AD Italia հրատարակչության հետ համատեղ «Ալֆա Ռոմեոն» հատուկ ֆոտոնախագիծ է ձեռնարկել՝ ներկայացնելով ավտոմեքենաները որպես արվեստի գործեր:

«Լիցքավորված» Giulia և Stelvio Quadrifoglio մոդելների սրահներում ուշադրություն են գրավում նոր ղեկանիվը և փոխանցումատուփի լծակը: Փոփոխվել է նաև կենտրոնական բարձակի դիզայնը, իսկ ամրագոտիները կարելի է պատվիրել ինչպես դասական սև գույնով, այդպես էլ կարմիր կամ կանաչ տարբերակներով: Ընկերությունը խոստանում է օպցիաների ցանկում ավելի ուշ ներառել նստատեղերի՝ ծակոտկեն կաշվով լրամշակումը, այն դեպքում, երբ ներկայիս բազային տարբերակը առաջարկում է կաշի/ալկանտարա համակցված պաստառապատում:

Նոր մուլտիմեդիա համակարգը՝ 8,8-դյույմանոց սենսորային էկրանով, ապահովում է առցանց-սերվիսների հասանելիությունը, ինչպես նաև առաջարկում է հատուկ Performance Pages ներդիր, որտեղ արտացոլվում են տվյալներ շարժիչի ջերմաստիճանի, տուրբոմղիչի ճնշման, անիվների միջև ոլորող մոմենտի բաշխման մասին: Բացի այդ, թե՛ սեդանը, թե՛ քրոսովերը համալրվում են սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլով:

2020 թվականի մոդելների համար ընդլայնվել է վարորդին օժանդակող համակարգերի ցանկը: Համալիրը նախագծվել է հանրահայտ Bosch ընկերության մասնակցությամբ և ներառում է շարժման շարքի պահպանմանն օժանդակող ֆունկցիա, կույր գոտիների վերահսկում, ակտիվ քրուիզ-կոնտրոլ, արագության «խելացի» սահմանափակիչ և ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիա: Այս ամենից զատ հասանելի կլինեն վարորդի ինքնազգացողության վերահսկման ֆունկցիան, ինչպես նաև խցանումների մեջ և արագընթաց մայրուղիներով տեղաշարժին օժանդակող
ֆունկցիաները:

Եվ վերջապես Quadrifoglio շարքի համար ընկերությունը մշակել է թափքի ներկվածքի նոր տարբերակներ: Այժմ «համազգեստները» բաժանված են չորս կարգի՝ Competizione (հիշեցնում է մակնիշի մրցարշավային ավանդույթների մասին), Metal (կերպարին լրացուցիչ դինամիկա է հաղորդում), Solid (ավանդական գույների հավաքածու) և Oldtimer (ոգեկոչում է Alfa Romeo-ի պատմությունը): Վերջինս ներկայացված է Red 6C Villa d’Este, Ocher GT Junior և Montreal Green երանգներով, որոնք այսպես, թե այնպես կապված են թե՛ բրենդի, թե՛ Իտալիայի հետ:

Լուսանկարներ