Ճապոնական Toyota ընկերությունը նշել է Prius հիբրիդային մոդելի վաճառքների մեկնարկի քսանամյակը 2020 Edition անվանումը ստացած հատուկ տարբերակով: Դրա առանձնահատկությունը կդառնան սև տարբերանշաններն ու անվասկավառակները, ինչպես նաև թափքի հատուկ գույներն ու ֆիրմային ձևավորումը: Prius 2020 Edition-ը կթողարկվի հենց 2020 օրինակով: Այն հիմնված է XLE համալրման վրա, ինչը ենթադրում է, որ մեքենան շուկայում կառաջարկվի 28 375 դոլարից մինչև 32 500 դոլար արժեքով:
Հոբելյանական Prius-ները հեշտ ճանաչելի են կողաթևերի և բեռնախցիկի սև տարբերանշաններով, 17-դյույմանոց անտրացիտային սկավառակներով, մգեցված օպտիկայով և արտաքին հայելիների կոնտրաստային լուծումով: Prius 2020 Edition-ը գնորդներին կառաջարկվի թափքի երկու գույներից մեկով՝ մուգ կարմիր Supersonic Red և սպիտակ Wind Chill Pearl երանգներով:
Ինչ վերաբերում է ինտերիերին, ապա հատուկ սերիայի բոլոր հիբրիդները կստանան մուգ սրահ և Prius 2020 Edition գրվածքով գորգեր: Ավտոմատ փոխանցումատուփի լծակի կապույտ վերդիրի փոխարեն Prius 2020 Edition-ը առաջարկում է սև վերդիր, ինչպես նաև թեթևակի փոփոխված օդատարներ:
Հոբելյանական մեքենաների համար լուրջ տեխնիկական փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն հայտնի է,որ այն կսարքավորվի Toyota Safety Sense 2.0 ակտիվ անվտանգության համալիրով: Սա նշանակում է, որ բազային համալրումը կներառի ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, հետիոտների և հեծանվորդների հայտնաբերման ֆունկցիա, ճանապարհային նշանների ճանաչման համակարգ և ավտոմատ կառավարվող հեռահար լուսարձակներ: Լուսանկարներ |