Գերմանական Mercedes-Benz ընկերությունը գրեթե ավարտում է E-Class ընտանիքի թարմացումը: Համացանցում ներկայացվել են այս շարքի կուպե և կաբրիոլետ մոդելները՝ ինչպես «սովորական», այնպես էլ AMG-մոդիֆիկացիայով: Մոդելային շարքի համար հասանելի են դարձել թափքի չորս նոր երանգներն ու այսպես կոչված «աերոդինամիկ» անվասկավառակները, որոնք կոչված են բարելավել վառելիքի ծախսի արդյունավետությունը: Ռեսթայլինգային մոդելները իրնեց նախորդներից տարբերվում են ռադիատորի ճաղավանդակով, ինչպես նաև առջևի լուսադիոդային լուսարձակներով: Մատրիցային Multibeam LED լուսարձակները հասանելի են որպես օպցիա: Դրանք թույլ են տալիս կանխել հանդիպակաց ավտոմեքենաների վարորդների կուրացումը, իսկ նավիգացիոն համակարգի շնորհիվ կարող են նաև «նախապատրաստվել» շրջադարձերին՝ լուսավորելով դրանք հատուկ ռեժիմով: Հետևի լապտերները, թեպետ պահպանել են ընդհանուր կառուցվածքը, այժմ առանձննում են լուսադիոդների այլ դասավորվածությամբ: Թափարգելներն ու արտանետման խողովակների վերդիրները պահպանել են նախկին տեսքը: Mercedes-AMG E 53 4Matic+ մոդիֆիկացիան առանձնանում է ռադիատորի վանդակաճաղի սեփական դիզայնով և ունի ավելի ագրեսիվ կեցվածք, ինչին նպաստում են ավելի լայն կողաթևերն ու մկանուտ կապոտը:
Առջևի վահանակի վրա նկատելի են արդեն իսկ ավանդական դարձած՝ մեկ ընդհանուր շրջանակի տակ միաձուլված երկու դիսփլեյները: Բազային տարբերակում դրանցից յուրաքանչյուրն ունի 10,25 դյույմ անկյունագիծ, իսկ որպես օպցիա կարելի է պատվիրել նաև 12,3-դյույմանոցները: Երկդռնանի E-Class-ները համալրվում են նաև ֆիրմային MBUX մուլտիմեդիա համակարգի նորագույն մոդիֆիկացիայով, որն աշխատում է լրացված իրականության տարրերի կիրառմամբ: Բացի այդ հայտնվել է նաև ավտոմեքենայի բորտհամակարգերից ստացված տեղեկատվության հիման վրա աշխատող և հանգստի մի քանի ծրագիր ներառող Energizing Coach ֆունկցիան: Օրինակ, այն կարող է փոխգործակցել Garmin գաջետների հետ՝ գնահատելով վարորդի սթրեսի մակարդակը, կամ նույնիսկ՝ քնի որակը: Այս տվյալների համաձայն համակարգը կընտրի մերսման ռեժիմը, երաժշտության ոճն ու սրահի լուսավորության գույնը այնպես, որպեսզի վարորդը չհոգնի երկարատև ուղևոոությունների ժամանակ:
E-դասի կաբրիոլետների գլխավոր առանձնահատկություններից է Aircap և AirScarf համակարգերի առկայությունը: Դրանցից առաջինը հատուկ դեֆլեկտոր է, որը ամրացվում է դիմապակուն և նվազեցնում է աղմուկը սրահում՝ բաց տանիքով երթևեկելիս: AirScarf-ը՝ «օդային վզնոց», նստատեղերի գլխակալների մեջ ներկառուցված օդատարներ են, որոնք ապահովում են վարորդի և առջևի ուղևորի վզի հատվածի տաքացումը: Էլեկտրոնային համակարգերի շարքում հիշատակման են արժանի Urban Guard Protection և Urban Guard Protection Plus լուծումները: Դրանք թույլ են տալիս հատուկ բջջային հավելվածի օգնությամբ տեղեկանալ ավտոմեքենան կոտրելու, գողանալու կամ էվակուացնելու մասին, ինչպես նաև գնահատել վնասվածքի աստիճանը, երբ, օրինակ, մեքենային հարվածել են կայանատեղիում: Էկրանին կերևա նույնիսկ այն, թե որ կողմից է վնասվել ավտոմեքենան:
Նորացված E-Class-ի բոլոր յոթ մոդիֆիկացիաների համար հասանելի է հինգ ուժային ագրեգատ՝ E 220 d, E 220 d 4Matic, E 400 d 4Matic, E 200, E 200 4Matic, E 300 և E 450 4Matic: Ընդ որում, նշվածներից չորսը լրացված են հիբրիդային EQ Boost սարքով: Այս ստարտեր-գեներատորը ունակ է կարճ ժամանակում շարժիչի հզորությունը ավելացնել 14 կամ 22 ձիաուժով՝ կախված ընտրված մոդելից: «220d» մոդիֆիակցիաները սարքավորվում են 194 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց քառագալան դիզելային շարժիչով, «400d»-ն՝ 340 ձ.ուժ հզորությամբ և 700 Նմ ոլորող մոմենտով դիզելային շարժիչով, «200»-ը՝ 197 ձ.ուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչ է, «300» պիտակով բենզինային շարժիչն ունի 258 ձ.ուժ հզորություն, և վերջապես «450»-ը ենթադրում է, որ մեքենան սարքավորված է 367 ձ.ուժ հզորությամբ վեց գլանանի շարային բենզինային շարժիչով:
AMG-տարբերակի համար առաջարկվում է երեք լիտր ծավալով 435 ձ.ուժ հզորությամբ և 520 Նմ ոլորող մոմենտով վեց գլանանի բենզինային շարժիչ, որը լրացված է 48 վոլտ լարմամբ բորտային էլեկտրական համակարգով և ստարտեր-գեներատորով, որը անհրաժեշտության դեպքում ապահովում է լրացուցիչ 22 ձ.ուժ և 250 Նմ ոլորող մոմենտ, ինչպես նաև կարող է կուտակել արգելակման ժամանակ գեներացվող էներգիան: Այս ագրեգատը համակցվում է 9-աստիճան AMG Speedshift TCT ավտոմատ փոխանցումատուփի հետ, իսկ լիաքարշ տարբերակների համար առաջարկվում է նաև դրիֆթ-ռեժիմ:
Mercedes-AMG E 53 4Matic+ կուպեն տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4,4 վայրկյանում, իսկ կաբրիոլետը՝ 4,6 վայրկյանում: Երկու տարբերակների առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ-ով, իսկ օպցիոնալ AMG Driver's Package փաթեթը այս ցուցանիշին ավելացնում է ևս 20 կմ/ժ: Բացի այդ «լիցքավորված» կուպեն և կաբրիոլետը սարքավորվում են AMG Ride Control+ պնևմատիկ կախոցով, որի էլեկտրակառավարվող մեղմիչները կարող են կարգավորվել յուրաքանչյուր անիվի համար առանձին-առանձին: Լուսանկարներ |