Volkswagen-ը ներկայացրել է նոր Nivus քրոսովերը

Volkswagen-ը ներկայացրել է նոր Nivus քրոսովերը

Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ.

Գերմանական Volkswagen ընկերության մոդելային շարքը համալրվել է ևս մեկ քրոսովերով: Կուպեատիպ Nivus-ը կառուցվել է նույն հենահարթակի վրա, ինչը և Polo ու T-Cross մոդելները, և առաջարկվում է այնպիսի սարքավորումներով, որոնք մինչ այս հասանելի էին մակնիշի՝ ավելի բարձր դասի ավտոմեքենաների համար: Nivus-ի վաճառքները կսկսվեն Բրազիլիայում արդեն ընթացիկ ամռանը, այնուհետև մեքենան հասանելի կլինի նաև Արգենտիանյում: Ենթադրվում է, որ 2021 թվականից մոդելը դուրս կգա նաև եվրոպական շուկա:

Volkswagen Nivus-ի հիմքում ընկած է MQB-A0 մոդուլային հենահարթակի պարզեցված տարբերակկը, որը չի ենթադրում լիաքարշ համակարգի առկայություն՝ համալրվելով առջևի Մաքֆերսոն կանգնակներով և հետևի տորսիոն հեծանով: Արտաքին չափսերով Nivus-ը մոտ է հանրահայտ Kia Xceed մոդելին: Դրա երկարությունը կազմում է 4266 միլիմետր, լայնությունը՝ 1757 միլիմետր, իսկ բարձրությունը 1493 միմլիմետր է: Ճանապարհային լուսածերպը տասը սանտիմետրով գերազանցում է Polo-ի ցուցանիշը, իսկ բեռնախցիկի ծավալը 415 լիտր է:

Սարքավորումների ցանկում հիշատակման է արժանի Volkswagen Play համակարգը՝ սենսորային էկրանով: Այն կարելի է միավորել սարքավորումների՝ Active Info Display թվային վահանակի հետ՝ ստեղծելով երկու 10-դյույմանոց էկրանից բաղկացած, այսպես կոչված «վիրտուալ կոքպիտ»: Համակարգի միջոցով կարելի է նաև օգտվել հավելվածների ֆիրմային խանութից, ինչպես նաև մի շարք առցանց-ծառայություններից, օրինակ՝ հոսքային աուդիո հեռարձակումից:

Արդեն իսկ բազային տարբերակում Volkswagen Nivus-ը առաջարկվում է բոլոր չորս անիվների սկավառակային արգելակներով, դիֆերենցիալի բլոկավորումը իմիտացնող XDS էլեկտրոնային համակարգով և անվտանգության վեց բարձիկով: Հավելավճարի դիմաց հասանելի կլինեն նաև ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, վթարային արգելակման և վարորդի ինքազգացողությանը հետևող համակարգերը, ինչպես նաև հետին տեսադաշտի տեսախցիկն ու լուսադիոդային լուսարձակները:

Նորույթի կապոտի տակ տեղադրված է եռագլան 1.0 TSI տուրբոշարժիչը, որը կարող է աշխատել ինչպես բենզինով, այդպես էլ էթանոլով: Դրա առավելագույն հզորությունը 128 ձիաուժ է, իսկ ոլորող մոմենտը՝ 200 Նմ: Ագրեգատը համակցվում է բացառապես վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:

Լուսանկարներ