Նոր Acura TLX՝ ամենաարագ սեդանը ապրանքանշանի պատմության մեջ

Նոր Acura TLX՝ ամենաարագ սեդանը ապրանքանշանի պատմության մեջ

Երկուշաբթի, 1 հունիսի, 2020 թ.

Acura ընկերությունը ներկայացրել է TLX սեդանի նոր սերունդը, որը մասնագետները հռչակել են ապրանքանշանի պատմության մեջ ամենաարագ սեդանը: Մոդելը անցում է կատարել նոր հենահարթակի, զրկվել է մթնոլորտային շարժիչներից, որոնց փոխարինել են տուրբոագրեգատները, և համալրվել է անվտանգության եռաբաժանմունք բարձիկով:

Երկրորդ սերնդի Acura TLX-ի հենահարթակը առանձնանում է առջևի՝ կրկնակի ընդլայնակի լծակներով կախոցով և հետևի բազմալծակ կախոցով: Հավելավճարի դիմաց հասանելի կլինեն նաև ադապտիվ մեղմիչները: Իր նախորդի հետ համեմատ TLX-ը մի փոքր մեծացել է: Այժմ դրա երկարությունը կազմում է 4943 մմ (+74 մմ), լայնությունը՝ 1910 մմ (+ 54 մմ), իսկ անվային բազան հասցվել է 2870 մմ, ինչը նախկինից ավել է 94 միլիմետրով: Փոխարենը, ավտոմեքենան մի փոքր ավելի ցածր է՝ 1433 մմ նախկին 1448 մմ դիմաց:

TLX-ի սրահը ամբողջովին նոր է, սակայն հատկանշական է, որ այստեղ չկա ո՛չ սարքավորումների թվային վահանակ, ո՛չ էլ՝ սենսորային էկրան: Մուլտիմեդիա համակարգը կառավարվում է կենտրոնական թունելի վրա տեղադրված թաչփադից: Հաճախորդներին հասանելի կլինեն լրամշակման համար նախատեսված թանկարժեք նյութեր, այդ թվում փայտ և բարձրորակ կաշի:

Առանձնահատուկ հիշատակման է արժանի առջևի ողևորի համար նախատեսված եռաբաժանմունք անվտանգության բարձիկը, որի հատվածները միմյանց են միացվում հատուկ կցորդներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ուղևորի դեմքը հայտվում է ճիշտ մեջտեղի հատվածում, մինչդեռ կողային հատվածները գրկում են գլուխը երկու կողմից, այն պահելով անշարժ դիրքով:

Բազային համալրմամբ TLX-ի համար առաջարկվում է երկլիտրանոց քառագալան տուրբոշարժիչ, որն ապահովում է 276 ձ.ուժ հզորություն և 380 Նմ ոլորող մոմենտ: Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի 2,4-լիտրանոց մթնոլորտային շարժիչը ապահովում էր 209 ձ.ուժ: Նոր Acura TLX-ը սարքավորվում է տասնաստիճան ավտոմատ փոխանցումատուփով: Քարշակումն իրականացվում է առջևի անիվների օգնությամբ, կամ էլ առաջարկվում է չորրորդ սերնդի SW-AWD լիաքարշ համակարգը՝ հետևի անիվների միակցման անհատական կցորդիչներով:

Լուսանկարներ