Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է A6 ունիվերսալի հիբրիդային մոդիֆիկացիան՝ Avant 55 TFSI e Quattro անվանմամբ: Այսպիսի ավտոմեքենան մեկ ամբողջական լիցքավորումով և միայն էլեկտրական քարշակումով կարող է հաղթահարել 51 կիլոմետր տարածություն: Մարտկոցը կարելի է լիցքավորել սովորական կենցաղային վարդակից:
Ունիվերսալի նոր տարբերակը սարքավորվում է հիբրիդային ուժային համակարգով, որը բաղկացած է 252 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչից և 143 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից: 55 TFSI e Quattro–ի համար նախատեսված են 14,1 կՎտժ տարողությամբ մարտկոց, S-tronic անվանմամբ յոթաստիճան ֆիրմային ռոբոտացված փոխանցումատուփ և լիաքարշ համակարգ: Ըստ գործարանային տվյալների, 0-ից 100 կմ/ժ թափառքը պահանջում է 5,7 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով: Ընդ որում, բացառապես էլեկտրական ռեժիմում շարժվելիս, մեքենան չի կարող գերազանցել 135 կմ/ժ արագությունը: Audi A6 Avant 55 TFSI e Quattro-ի վառելիքի ծախսը խառը ցիկլում տատանվում է 1,9-2,1 լիտրի սահմաններում: Ստանդարտ A6 Avant-ից հիբրիդային մոդիֆիկացիան տարբերվում է էքստերիերի մգեցված տարրերով, 19-դյույմանոց անվասկավառակներով և արգելակների կարմիր ենթակիրներով: Լուսանկարներ |