Toyota-ն ներկայացրել է նոր կոմպակտ հիբրիդային քրոսովեր

Toyota-ն ներկայացրել է նոր կոմպակտ հիբրիդային քրոսովեր

Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ.

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է Yaris Cross անվանումը ստացած հիբրիդային քրոսովերը, որը կհամալրի ապրանքանշանի մոդելային շարքը արդեն հաջորդ տարվանից: Ընդ որում ավանդական Yaris-ից պահպանվել է գրեթե միայն անվանումը և հենահարթակը: Նոր քրոսովերը կարտադրվի Ֆրանսիայում և կիրացվի Եվրոպայում առնվազն 150 000 օրինակով:

Նոր քրոսովերի հիմքում ընկած է TNGA-B մոդուլային հենահարթակը, որը կիրառվում է ընթացիկ նույնանուն մոդելի համար: Yaris Cross-ի գաբարիտային երկարությունը 4180 միլիմետր է, լայնությունը՝ 1765 միլիմետր, իսկ բարձրությունը՝ 1560 միլիմետր: Այսպիսով, մոդելը 240 մմ երկար է, քան Yaris հեչբեքը, բայց 180 մմ կարճ՝ քան Toyota C-HR-ը:

Yaris Cross-ը ոճային առումով նման է մակնիշի այլ ավտոմեքենաներին և առավելևս նույնանուն հեչբեքին: Ի տարբերություն վերջինիս, այլ դիրք ունի քրոսովերի սարքավորումների վահանակը, փոխվել է կենտրոնական բարձակի և դռների ձևավորումը, ինչպես նաև առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել ծալել հետևի բազմոցի թիկնակը 40:20:40 համամասնությամբ:

Քրոսովերը սարքավորված է հիբրիդային ուժային ագրեգատով, որը բաղկացած է 1,5-լիտրանոց բենզինային շարժիչից, էլեկտրական շարժիչից և լիթիում-իոնային մարտկոցից: Շարժիչների ընդհանուր հզորությունը 116 ձ.ուժ է: Մոդելը սարքավորվում է Toyota AWD-i լիաքարշ համակարգով, որն առանձնանում է հետևի սռնիի վրա տեղադրված էլեկտրաշարժիչով: Այն օգնում է ավտոմեքենային մեկնարկի պահին և սայթաքուն մակերևույթի վրա տեղաշարժվելիս:

Լուսանկարներ