Ցուցադրվել է Toyota Harrier-ի չորրորդ սերունդը

Ցուցադրվել է Toyota Harrier-ի չորրորդ սերունդը

Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ.

Toyota-ն մանրամասներ է ներկայացրել նոր սերնդի Harrier քրոսովերի վերաբերյալ: Տեխնիկապես ներկայիս RAV4-ը կրկնող մոդելը պահպանել է իր նախորդի ընդհանուր ոճը և առաջին անգամ սարքավորվում է էլեկտրաքրոմատիկ ապակիով համայնապատկերային տանիքով:

Չորրորդ սերնդի Harrier-ը, ինչպես լայնակի դասավորվածությամբ շարժիչով Toyota-ի բոլոր խոշոր մոդելները, կառուցված է GA-K (TNGA) մոդուլային հենահարթակի վրա, որն առանձնանում է առջևի Մակֆերսոն կանգնակներով և հետևի կրկնակի ընդլայնակի լծակներով: Քրոսովերի կախոցների կառուցվածքը օպտիմալացված է հարմարավետության և կառավարելիության բալանսը պահպանելու համար: Այդ նպատակով վերանայված են նաև մեղմիչների և մի շարք միացությունների բնութագրերը: Դրանից զատ Harrier-ը սարքավորվում է Active Cornering Assist ֆունկցիայով, որը թույլ է տալիս կարճ արգելակային իմպուլսների շնորհիվ նվազագույնի հասցնել ավտոմեքենայի թերշրջադարձելիությունը:

Նոր հենահարթակին անցնելու հետ զուգահեռ Toyota Harrier-ը ստացել է նաև շարժիչների նոր գամմա, որը նույնն է, ինչ առաջարկվում ճապոնական RAV4-ի համար: Շարքը ներառում է 171 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց բենզինային շարժիչը, որը համակցվում է Direct Shift-CVT վարիատորի հետ, ինչպես նաև 2,5-լիտրանոց բենզինային շարժիչի հիման վրա ստեղծված THS II հիբրիդային ագրեգատը, որի գումարային հզորությունը կազմում է 218-222 ձ.ուժ: Երկու դեպքում էլ մեքենան կարող է առաջարկվել առջևի քարշակմամբ կամ լիաքարշ տարբերակով: Հիբրիդային մոդիֆիկացիայի հետևի անիվների համար նախատեսված է առանձին էլեկտրական շարժիչ:

Չորրորդ սերնդի Harrier-ի սրահում շեշտը դրված է լրամշակման նյութերի որակի և շքեղության մթնոլորտ ապահովելու վրա: Կենտրոնական բարձակն ունի թամբաձև տեսք, դեկորատիվ տարրերը հիշեցնում են ծռված փայտ, իսկ նստատեղերի և առջևի վահանակի լրամշակման համար կիրառված է արհեստական կաշի: Բացի այդ առաջին անգամ մոդելի պատմության մեջ Harrier-ը սարքավորվում է էլեկտրաքրոմատիկ ապակիով համայնապատկերային տանիքով:

Նորույթը սարքավորվում է ֆիրմային Toyota Safety Sense ծրագրային մոդուլով, որը ի թիվս այլ ֆունկցիաների ներառում է հետիոտների և հեծանվորդների ճանաչման հնարավորությամբ ավտոմատ արգելակման համակարգ: Բացի այդ քրոսովերը սարքավորված է կայանման առջևի և հետևի ցուցիչներով և ներսրահային թվային հայելիով: Նոր Toyota Harrier-ի վաճառքները կմեկնարկեն այս տարվա ամռանը:

Լուսանկարներ