Նոր Kia Sorento՝ հիբրիդային մոդիֆիկացիաներով

Նոր Kia Sorento՝ հիբրիդային մոդիֆիկացիաներով

Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.

Հարավկորեական Kia ընկերությունը մանրամասներ է հաղորդել լիովին նոր Sorento ամենագնացի եվրոպական շուկայի համար նախատեսված մոդիֆիկացիաների վերաբերյալ: Նախատեսվում է, որ քրոսովերի վաճառքները կսկսվեն 2020 թվականի երրորդ եռամսյակում: Այն առաջին անգամ կառաջարկվի հիբրիդային ագրեգատներով և հատուկ Terrain Mode արտաճանապարհային ռեժիմով:

Չորրորդ սերնդի Kia Sorento-ն կառուցված է նոր հենահարթակի վրա, որն առանձնանում է շարժիչի կոմպակտ բաժանմունքով, կարճ ցվիքներով և 35 միլիմետրով ավելի երկար անվային բազայով: Փոփոխության է ենթարկվել նաև կախոցը: Նոր տարբերակը աչքի է ընկնում այլ երկրաչափությամբ և որոշ նոր բաղադրիչներով, ինչն ապահովում է ավելի հստակ կառավարելիություն և ընթացքի սահունություն: Հենահարթակը թույլ է տալիս տեղադրել տարբեր շարժիչներ, այդ թվում ցանցից լիցքավորվող հիբրիդային ագրեգատներ: Հենց բենզաէլեկտրական Sorento Hybrid-ը առաջիը կհանվի շուկա:

Քառագլան 1.6 T-Gdi տուրբոշարժիչով, 1,49 կՎտժ մարտկոցով և 44,2 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչով «հասարակ» հիբրիդը սարքավորվում է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով ու զարգացնում է 230 ձ.ուժ հզորություն և 350 Նմ ոլորող մոմենտ: Այն հասանելի կլինի մոդելի շուկայնացման առաջին իսկ օրվանից, իսկ դրա լիցքավորվող տարբերակը հաճախորդներին կառաջարկվի մինչև տարվա վերջ: Մոդելային շարքում ներառված է նաև դիզելային մոդիֆիկացիա՝ 2.2 լիտրանոց Smartstream (202 ձ.ուժ և 440 Նմ մոմենտ) շարժիչով և նոր 8-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփով, որը առանձնանում է երկու «թաց» կցորդիչների առկայությամբ: Ինչպես նշում են ընկերությունում, այս շարժիչը 38,2 կիլոգրամով ավելի թեթև է, քան երրորդ սերնդի Sorento-ի վրա տեղադրվողը:

Քրոսովերի բազային տարբերակը առջևի քրաշակմամբ է, իսկ լիաքարշ տարբերակն առաջարկվում է որպես օպցիա: Վերջինիս հետ միասին շարժման ռեժիմների ցանկում կհայտնվի նոր արտաճանապարհային պրոֆիլ՝ Terrain Mode: Այն թույլ է տալիս փոփոխել կայունացման և հակատեղապտուտայի համակարգերի աշխատանքի ալգորիթմները այնպես, որպեսզի ավտոմեքենան կարողանա հնարավորինս վստահ տեղաշարժվել ցեխոտ, ավազոտ կամ ձնոտ տեղանքներով:

Նոր Kia Sorento-ի սրահը ընկերությունում նկարագրում են որպես «պրեմիում կարգի լրամշակման և առաջադեմ տեխնոլոգիաների համադրություն»: Առջևի վահանակի վրա են գտնվում սարքավորումների վիրտուհալ վահանակը (12,3 դյույմ) և մուլտիմեդիա համակագի էկրանը (10,5 դյույմ), որոնք միավորված են մեկ բլոկի մեջ: Կենտրոնական բարձակի վրա կգտնեք կլիմատ-համակարգի կառավարման բլոկը, փոխանցումատուփի կառավարման տափօղակը և շարժման ռեժիմների փոխարկիչը: Մեդիահամալիրի հիմնական ֆունկցիաների կառավարումը կատարվում է հպումային կառավարմամբ առանձնացող շրջադարձային փոխարկիչների օգնությամբ:

Քրոսովերի սարքավորումների ցանկում են նաև սրահի ֆոնային լուսավորման Mood Lighting համակարգը, տարածական հնչողությամբ BOSE աուդիոհամակարգը՝ 12 բարձրախոսներով, և սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլը: Ինտերիերի լրամշակման համար կիրառվում է տեքստիլ, կաշի, այդ թվում՝ նապպա, մետաղ և փայլատ մակերևույթով պլաստիկ:

Եվրոպական շուկայի համար նախատեսված Kia Sorento ամենագնացները կարտադրվեն հարավկորեական Հվասոն քաղաքի գործարանում: Բացի այդ ամենագնացի արտադրությունը կծավալվի ԱՄՆ Ջորջիա նահանգի Վեսթ-Փոյնթ քաղաքում:

Լուսանկարներ