Ամերիկյան 1016 Industries թյունինգային աթելիեն ներկայացրել է Lamborghini Urus ամենագնացի հատուկ մոդիֆիկացիա՝ լայնաֆյուզելաժ թափքով և ուժեղացված շարժիչով: Լրամշակումից հետո Lamborghini-ի սեփականատերը կարող է հատուկ հավելվածի միջոցով հեռավար կարգով միացնել կամ անջատել շարժիչը, ինչպես նաև հետևել ավտոմեքենայի շարժման մանրամասներին:
Աթելիեյի ինժեներները կարողացել են մեծացնել շարժիչի արտադրողականությունը գրեթե 30 տոկոսով: Այս պահին 1016 Industries-ի մասնագետները առաջարկում են չիփ-թյունինգի երկու տարբերակ: Առաջինը 4,0-լիտրանոց բիտուրբոշարժիչի հզորությունը 650 ձ.ուժից հասցնում է մինչև 791 ձ.ուժ, իսկ երկրորդը՝ 650 ձ.ուժից մինչև 852 ձ.ուժ: Ընդ որում այս ամենի ընթացքում չի կատարվում տուրբմղիչի կամ ներթող և արտաթող համակարգերի փոխարինում: Ավելին՝ անհրաժեշտության դեպքում կարելի է հեշտությամբ վերադառնալ գործարանային կարգավորումներին:
Արտաքինից 1016 Industries-ի առաջարկած Urus-ը տարբերվում է նաև ածխածնային կամ ապակյա մանրաթելից պատրաստված ագրեսիվ լրացումներով: Թյունինգ-փաթեթը ներառում է 100 միլիմետրով ավելի լայն հետևի և 87 միլիմետրով ավելի լայն առջևի կողաթևեր, առջևի նոր սփլիթեր, կարբոնից պատրաստված կողային վերդիրներ, նոր դիֆուզոր, հակաթև և տանիքի սփոյլեր:
Լրամշակված Urus-ի դինամիկ բնութագրերի և արժեքի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: Սակայն հայտնի է, որ 1016 industries-ի ինժեներները վաղուց համագործակցում են աերոտիեզերական ճյուղերի մասնագետների հետ, այնպես որ մինչև ավտոմեքենայի վրա տեղադրելը բոլոր տարրերը փորձակվում են հաշվողական հիդրոդինամիկայի միջոցներով: Լուսանկարներ |